Մասնագիտական թարգմանություններ, Uncategorized

Ամենաարագաշարժ փերին

Շարունակում ենք «Խոսող գիրք» նախագիծը: Թարգմանում են  գործավարության և շբոսաշրջության բաժնի ուսանողները:

download (1)

Մի արևոտ օր փերիները որոշեցին թռիչքի մրցույթ անցկացնել: Նրանք բոլորն էլ ցանկանում էին առաջին մրցանակը ստանալ: Զանգակածաղիկը ամենափոքր փերին էր և չէր կարողանում թռչել այնքան արագ, որքան մյուսները: Նա տխուր նայեց իր բարակ ու թույլ թևիկներին:

—  Եթե ես վերջինը տեղ հասնեմ, մեծ փերիները կծիծաղեն վրաս,- տխուր ասաց Զանգածաղիկն իր լավագույն ընկեր Մեղրիկին:

— Դու պարզապես պետք է մի փոքր մարզվես, դմբո,- ասաց Մեղրիկը:

Զանգակածաղիկը մտածեց, որ դա լավ միտք է և իսկույն սկսեց մարզվել:

Փոքրիկ փերին կենտրոնացավ որքան կարող էր, ծալեց ծնկները և ցատկեց դեպի վեր: Եվ երբ Զանգակածաղիկը ճախրում էր վերևում, հանկարծ մազերը թափվեցին աչքերին, և նա թրմփոցով ընկավ ուղիղ մի հսկա ծաղկի մեջ:

Ավելի մեծ փերիները քրքջալով մատնացույց արեցին նրան: Զանգակածաղիկն այնքան շատ էր ուզում թռչել սովորել, որ, չնայած հիասթափությանը, վեր կացավ և նորից փորձեց: Թռչելով հսկա ծաղկի վարդագույն ծաղկաթերթից՝ Զանգակածաղիկը մեծ արագությամբ սլացավ:

— Շը՜րը՜մփ…,- փոքրիկ փերին խճճվեց կպչուն սարդոստայնի մեջ: Նա այնքան արագ էր թռչում, որ չէր նկատել արծաթագույն թելերը: Զանգակածաղիկն արագորեն ազատեց ինքն իրեն, բայց իր ետևում նորից լսեց մեծ փերիների բարձր ծիծաղը:

Նա իսկապես զայրացավ և որոշեց ինքնուրույն մարզվել: Գտավ մի հոյակապ տեղ և սկսեց թափահարել թևերն այնքան արագ, որքան կարող էր: Վզզոցով սլանալով ծառերի արանքով՝ Զանգակածաղիկը թռավ ուղիղ դեպի մոշի փշոտ թուփը:

Մինչև Զանգակածաղիկը դուրս մագլցեց փշոտ թփի միջից, մրցավազքն արդեն սկսվում էր։ Նա արագ կանգնեց մեծ փերիների շարքի մոտ։

— Զգույշ կլինես ծաղիկներից և սարդոստայններից,- ասաց մեծ փերիներից մեկը, և բոլորը քրքջացին։

Զանգակածաղիկն  այնքան զայրացած էր, որ մրցավազքն սկսելուն պես առաջ սուրաց։ Նա վզզալով թռավ մեծ փերիների մոտով և առաջինը հատեց եզրագիծը՝ ամբոխի ուրախ բացականչությունների տակ։

Դրանից հետո բոլորը համաձայնեցին, որ Զանգակածաղիկն ամենաարագաշարժ փերին է:

 

Թողնել մեկնաբանություն