Uncategorized

Սոցիալական ցանցերը մեր կյանքում

Վերջին տարիներին սոցիալական մեդիան հիմնովին ինտեգրվել է մեր առօրյա կյանք: «Սոցիալական մեդիա» գաղափարն ինքնին մի քանի հասկացություն է ներառում. բլոգներ, էլեկտրոնային ամսագրեր, ֆորումներ, զրուցարաններ (չատ), ծանոթությունների կայքեր և, իհարկե, սոցիալական ցանցեր: Ըստ էության դրանք բոլորը հեռակա հաղորդակցության, այսինքն՝ տարբեր տեսակի տեղեկատվության փոխանակման հարթակներ են. տեքստային հաղորդագրություններ, երաժշտություն, լուսանկարներ և տեսանյութեր:

Երիտասարդների շրջանում ամենատարածվածը սոցիալական կայքերն են՝ «Ֆեյսբուքը», «Թվիթերը», «Ինստագրամ»-ը, «Վկոնտակտե»-ն և այլն։
Մի կողմից սոցիալական ցանցերը շատ հարմար գործիք են արագ հաղորդագրությունների արագ փոխանակման, հին ընկերների որոնման և նոր մարդկանց հետ ծանոթության, կարևոր տեղեկատվության պահպանման, խմբերում հրատապ թեմաների քննարկման համար սեփական տանը, հարմարավետության մեջ։ Մյուս կողմից ամբողջ աշխարհի հոգեբաններն ու հոգեբույժները տագնապի ահազանգ են հնչեցնում. սոցիալական ցանցերից կախվածությունը շատ հաճախ կարող է հոգեկան և նյարդային լուրջ խախտումների պատճառ դառնալ, ինչպիսիք են ընկճախտը, սոցիալական մեկուսացումը, աուտիզմը և նույնիսկ դեռահասների ու երիտասարդների ինքնասպանության փորձերը:
Ըստ իս, սոցիալական ցանցերը կարող են լինել թե՛ օգտակար, թե՛ վտանգավոր, կախված այն բանից, թե ով և ինչպես է այն օգտագործում: Եվ ես փորձում եմ վերլուծել դրանց առավելություններն ու թերությունները:
Առաջին հերթին սոցիալական ցանցերը շատ հարմար են այն մարդկանց համար, ում անհրաժեշտ է կապ հաստատել տարբեր քաղաքներում կամ տարբեր երկրներում ապրող մարդկանց հետ։ Նման կայքի օգնությամբ հնարավոր է խմբային զրուցարան (group chat) բացել, անհրաժեշտ ֆայլեր, նկարներ կամ տեսագրություններ ուղարկել որոշ մարդկանց, նույնիսկ տեսակոնֆերանս անցկացնել: Եվ այդ ամենը միանգամայն անվճար:
Սոցիալական ցանցերը կարող են հրաշալի լուծում դառնալ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար կամ նրանց, ովքեր որևէ պատճառով ստիպված են անընդհատ տանը լինել:
Որոշ իրավիճակներում նրանք կարող են լիովին փոխարինել իրական շփմանը և օգնել նման մարդկանց, որպեսզի իրենց մենակ կամ հասարակությունից մեկուսացած չզգան: Ըստ հետաքրքրությունների ստեղծված բազմաթիվ խմբերը օգնում են նրանց ընկերներ և հետաքրքիր զրուցակիցներ գտնել:
Երբեմն սոցիալական ցանցերն ու կայքերն օգնում են ու իսկապես արժեքավոր ու օգտակար տեղեկատվություն գտնել։

Ամբողջ աշխարհից մարդիկ տարբեր խմբերում քննարկում են խնդիրներ, պատմում են սեփական փորձի մասին, օգտակար հումներ են տալիս, մեկնաբանություններ են գրում ծառայությունների ու ապրանքների մասին: Դուք էլ ձեր հեթին կարող եք ցանկացած հարց տալ և տարբեր մարդկանցից պատասխան ստանալ:
Սոցիալական ցանցերը նաև հսկայական հնարավորություն են տալիս կարճ ժամանակում տարածել ցանկացած տեղեկատվություն: Շատ մարդիկ այսօր սոցիալական կայքերից են տեղեկանում նորությունների մասին: Եթե կարևոր ինչ-որ բան է տեղի ունեցել, ապա մարդկանց տեղեկացնելու լավագույն միջոցը Ֆեյսբուքի մի քանի բազմամարդ խմբերում տարածելն է:
Վերջապես, սոցիալական ցանցերի շնորհիվ դուք երբեք չեք կորցնի ձեր ընկերների և այլ կարևոր մարդկանց մասին տեղեկությունները: Դուք այլևս կարիք չունենք հիշողության մեջ պահել նրանց ծննդյան օրերը կամ հեռախոսի համարները: Ցանկացած պահի դրանք կարող եք գտնել ձեր սմարթֆոնի օգնությամբ: Դուք նաև երբեք չեք կորցնի ձեր սիրելի ֆիլմերն ու երաժշտությունը, քանի որ մկնիկի մի փոքրիկ հպման օգնությամբ դրանք կարող եք պահել ձեր անձնական էջում:

Սա մեդալի մի կողմն է: Ցավոք սրտի, կա նաև մեդալի մեկ այլ կողմ, որն այդքան էլ վարդագույն չի:
Մեծ թվով երեխաների ու դեռահասների համար սոցիալական ցանցերն այսօր լիովին փոխարինում են իրական կյանքին:
Նրանցից ոմանք այնքան շատ ժամանակ են անցկացնում ցանցերում, որ կորցնում են իրականության զգացումը և նրանց համար գրեթե ջնջվում է սահմանը իրական և վիրտուալ կյանքերի միջև: Արդյունքում երեխաները կենդանի շփման անբավարարություն են ունենում, թեև նույնիսկ չեն գիտակցում դա: Դա անխուսափելիորեն հանգեցնում է հոգեկան խաթարումների, ազդում է նրանց առողջության և հոգեկան վիճակի վրա, ինչպես նաև խանգարում է նորմալ սոցիալականացմանը:
Սոցիալական ցանցերի հետ առնչվող մյուս կարևոր խնդիրը տեղեկատվության արտահոսքն է: Հրապարակելով որևէ անձնական տվյալ՝ երբեք հաստատ չեք իմանա, թե որտեղ այն կարող է հայտնվել: Ինչ որ մեկը կարող է օգտագործել ձեր անձնական նկարները, և հիմնականում դուք չեք կարող կանխել դա: Նույնիսկ եթե կարծում եք, որ ձեր էջը պաշտպանված է ապահով գաղտնաբառով, սխալվում եք, քանի որ լավ հակերները միանգամից կարող են կոտրել այն:
Ավելին, օգտակար բովանդակությունից բացի ցանկացած սոցիալական ցանցում տոննաներով անպիտան, վտանգավոր և վնասակար տեղեկատվություն կա, որը հեշտությամբ հասանելի է նաև երեխաներին: Բռնություն, էրոտիկա, թմրանյութերի քարոզ և այլ արգելված բովանդակություն է կանոնավոր ջնջվում մոդերատորների կողմից, բայց դրանք իսկույն այնքան արագ են կրկին հայտնվում, որ դժվար է լինում դրանց հարցերը լուծելը:
Այսպիսով, ամփոփելով կցանկանայի ասել, որ սոցիալական ցանցերը կարող էին ավելի օգտակար լինել, եթե բոլորն օգտագործեին դրանք նախատեսված նպատակի համար` շփման, ընկերների որոնման և նրանց հետ տեղեկատվության փոխանակման:

Բացի այդ, ըստ իս, հոգատար ծնողները պետք է սահմանափակեն իրենց երեխաների մուտքը սոցիալական ցանցեր և պարբերաբար ստուգեն, թե ինչ են անում նրանք Համացանցում:
Հակառակ դեպքում սոցիալական ցանցերը կարող են զգալի վնաս տալ երեխաների և դեռահասների հոգեբանությանը:

Անգլերենից թարգմանությունը Գոհար Գաբրիելյանի
Խմբագիր Գայանե Թերզյան

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s